Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոննները և մնալ տանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Պաշտպանը նշել է, որ քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելելման և տարածման դեմ պայքարի կանոնները։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը, երկար ժամանակ են անցկացնում այգիներում և բակերում։
«Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը առաջացրել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պահպանման հետ: Դրանք առնչվում են երկրի անվտանգությանը (տնտեսական, իրավական և այլն)»,- նշել է ՄԻՊ-ը։
Պաշտպանը նաև նշել է, որ այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականները, որ կարող են ապահովել կորոնավիրուսի կանխարգելման սպառիչ լուծում միասնական ջանքերով:
Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան:
Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում։
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







