Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր․ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք»,- գրել է խոսնակը։
Համաձայն Դերձյանի գրառման՝ երեխան ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։
«Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն: Կտրվի հավելյալ տեղեկություն»,- գրել է Դերձյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկեվան գյուղից բնակիչ 14-ամյա երեխա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







