Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:
Նախագահը նշել է, որ հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ սպասված հյուր հայաստանցի երաժշտասերի համար, իսկ նրա յուրաքանչյուր այցելություն Հայաստան, յուրաքանչյուր ելույթ իրադարձություն էր ու մեծ տոն:
«Պենդերեցկին սերտորեն կապված էր հայ մշակույթի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Երաժշտասեր հանրությունը ջերմությամբ էր ընդունում նրան։ Պատահական չէր, որ 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատաին»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով՝ մեծ պատիվ և հաճույք է եղել 2018թ․ Վարշավայում ներկա գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
«Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը՝ խորապես ցավակցելով մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







