Արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հրապարակել է նոր որոշում` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները: Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն ժամանակ՝ ավելացել են այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,-ասաց Վարոս Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ պարետի նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների մասերի և պարագաների մանրածախ առևտուր․ պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին:
«Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,-ասաց Վարոս Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը նաև հայտնեց, որ թույլատրվել են ծանույցների, չեկերի և այլ աժեթղթերի տպագրությունը, քանի որ դրանք կարևոր են, օրինակ դեղերի ծանույցներում մարդիկ ծանոթանում են տվյալ դեղի հետևանքների կամ դրանց ներգործողության մասին տեղեկատվությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







