«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։ Այս մասին տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ։
«Մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչև 900 հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







