Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը՝ բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև։ Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների հարցումների ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:
Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով»,- գրել է նա:
Գրձելյանի խոսքով՝ չնայած այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումներին, երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:
«Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип)»,- նշել է նա՝ իր շնորհակալությունը հայտնելով բոլոր այն մասնագետներին՝ մեքենավարներին, նրանց օգնականներին, կարգավարներին, կայարանապետերին, գծային աշխատողներին և այլ մասնագետներին, ովքեր այսօր ապահովում են ոչ միայն ուղևորափոխադրումների իրականացումը, այլ նաև երկրի և բնակչության համար կենսական նշանակություն ունեցող բեռնափոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







