Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ Գյումրիում վարակվածների քանակը երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, նրանք շատ չեն և մեկուսացված են, հայտնաբերված է նաև նրանց շփման շրջանակը։
«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում է նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է այդ հիվանդությունը։ Այնտեղ բուժում են ստանում ասիմպտոմ կամ թեթև դեպքերով մեր քաղաքացիները»,- նշեց Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ այսօր կամ ամենաուշը վաղը՝ մարտի 27-ին, կլինի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերը։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







