Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը 22 ԶԼՄ-ի հորդորել է պաշտոնական տեղեկատվության չհամապատասխանող նյութերը հեռացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն»,- նշեց Մհրյանը։
Անդրադառնալով ոստիկանությունում կորոնավիրուսից պաշտպանվելու համար ձեռնարկվելիք միջոցառումներին՝ փոխոստիկանապետը նշեց, որ ախտահանումը ոչ միայն ոստիկանության մեքենաների, այլև օրենքով սահմանված կարգով ոստիկանության բոլոր վայրերում իրականացվում է, իսկ կարգը և ձևը որոշվել է մասնագետների միջոցով:
Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության բուժվարչության կողմից նաև անհրաժեշտ քանակով անձնական պաշտպանիչ միջոցներ են տրամադրվում ոստիկանության աշխատակիցներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







