Սոցիալական հարցումների արդյունքով՝ Արցախի խորհրդարանական ընտրությունների առաջատարն է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։ Հարցվածների 39 տոկոսը քվեարկելու է այդ կուսակցության օգտին։ Այս մասին մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները։
«Նման սոցիալական, կուսակցական հենք ունենալը բավականին լուրջ է, որպեսզի Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվի։ Նա եղել է վարչապետ, նրա` Բակո Սահակյանի հետ համատեղ աշխատելու օրոք, ՀՆԱ-ն 3 անգամ աճել է, աշխատավարձերը՝ նույնպես, իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր և այլն։ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը նա ղեկավարում է, բավականին ճանաչված է, և բնակավայրերում լուրջ աշխատանքներ են իրականացվել»,- ասաց Ադիբեկյանը։
Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, որին աջակցում է «Միասնական հայրենիք» կուսակցությունը, ըստ սոցիոլոգի, նրանք ճանաչում ձեռք բերելու ժամանակ չեն ունեցել։
«Հարցվածների 11 տոկոսը կքվեարկի «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին»,- ասաց Ադիբեկյանը։
Սոցիալական հարցումներ համաձայն՝ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը և Աշոտ Ղուլյանի Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը ունեն բավականին համեստ ցուցանիշներ։
«Եթե այս կուսակցությունները հաջող անկացնեն քարոզարշավը, կարող են անցնել 5 տոկոսանոց շեմը, և խորհրդարանում կլինի 4-5 կուսակցություններով ձևավորված Ազգային ժողով»,- եզրափակեց Ադիբեկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







