Կրկնակի վարակվելու հավանականությունը բացառված չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կրկնակի վարակվելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական և բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է։ Այս մասին հնարավոր կլինի ոչ ամբողջական կարծիք հայտնել 3 ամիս, իսկ ամբողջական՝ գուցե 2-3 տարի հետո»,- ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ կրկնակի վարակվելու դեպքում էլ պետք է սովորել այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։
«Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձևավորվում է իմունիտետ, որովհետև եթե այդպես չլիներ, մարդիկ վերուսից չէին ազատվի»,- ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տևում, դեռ չեն կարող ասել։
«Հետևաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետևից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտի, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում»,- ասաց առողջապահության նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







