«Մեր որոշումը միանշանակ է՝ մենք մեր առջև խնդիր չենք դրել վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը, չնայած ՀՀ-ում նախաճգնաժամային իրավիճակը լավ էր»։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց առջև խնդիր են դրել ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել՝ հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ։
Վարչապետի խոսքով՝ այդ ընթացքում պետք է իրագործեն զարգացման ծրագրեր և կկենտրոնանան բարեփոխումների այն օրակարգի վրա, որը որդեգրել են։
«Պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, և այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն։ Հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերների է հանգեցնելու և անհրաժեշտ է, որ համարժեք քայլեր իրականացնենք այդ ուղղությամբ։ Այդ ծրագրերը պետք է լինեն արդյունավետ, հասցեական և արդար»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ բիզնեսին աջակցելու համար 25 մլրդ դրամի փաթեթ կգործարկեն, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեն կունենան, որը կօգտագործվի՝ ըստ անհրաժեշտության։
«Կունենանք մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ, որը կուղղվի տնտեսության կարգավորմանը՝ հետճգնաժամային պարամետրերին համապատասխան»,- ասաց վարչապետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ առաջին փաթեթը այսօրվանից կդրվի հանրային քննարկման։
«Կորոնավիրուսի և գլոբալ շուկաների այսօրվա վիճակը հանգեցնում է անկանոն իրավիճակների, այդ թվում՝ սպառման, ինչը նշանակում է, որ կունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք տնտեսվարողներին հնարավորություն են տալիս սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել՝ առանց վնասների կամ կորուստների։ Ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների երեք հիմնական շարք, որը ենթադրում է վարկերին համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում»,- ասաց փոխվարչապետ Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրները, այս իրավիճակում դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ՝ դրամով վարկերի դիֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։
«Սա գործիքների այն կազմն է, որը թույլ է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս իրավիճակում հետևել բիզնեսի զարգացման իրավիճակին, այլ ոչ թե բիզնեսի օպտիմիզացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







