1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, օրաթերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է նաև Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը:
Սակայն նկատենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։ Չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտակ Նահապետյանը նշել է, որ նման խոսակցություններ չի ունեցել և եթե հրաման կտան, ապա՝ կշարունակի ծառայել։
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ թեպետ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, և մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակներում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից թերթին հայտնել են, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում և այլն:
4․ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` քաղաքապետարանը դեռ չի կորցրել Աջափնյակում (մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի «Թումո») մետրոյի կայարան ունենալու իդեա-ֆիքսը:
Քաղաքապետարանի հետ համագործակցության «փորձ» ունեցող («Հին Երևանի» կառուցապատման մասով) շվեյցարացի հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել, եթե այդ տարածքն իրեն տրամադրեն՝ բիզնես-համալիր կառուցելու։ Հարակից կառուցվող մետրոյի ճարտարապետական մասը` շենք, կամուրջ, կանգառ, խոստացել է վերցնել իր վրա։
Ավագանու ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝ ներքին կոմունիկացիաների համար այլ ներդրող է անհրաժեշտ, քաղաքապետարանում հույս ունեն, որ կառավարությունը ներդրում կանի։ Բայց հիմա հույսը նվազել է տնտեսական այս անկման պայմաններում։
Թերթի հարցին ի պատասխան, թե ինչ վիճակում է Աջափնյակում կայարանի կառուցման խնդիրը, քաղաքապետարանի մամլո քարտուղարն ասել է, որ Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցման հետ կապված ներդրումային ծրագիրը քաղաքապետարանը շատ շուտով կներկայացնի հանրության դատին:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից ահազանգ է ստացվել, որ դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ պատճառը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ծանրոցների, հանձնուքների արգելքն է, որոնցով դատապարտյալները ստանում էին հատկապես ծխախոտ: Նրանք ասում էին, որ ծխախոտն իրենց համար ավելի առաջնային նշանակություն ունի, քան սնունդը, և խնդրում էին, որ միջոցներ գտնեն՝ իրենց դա հասցնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






