Հայաստանում հաստատված կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապված է Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրական ձեռնարկության։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով արտակարգ դրության առաջին օրը։ Ըստ վարչապետի՝ դեպքերը շատացել են, քանի որ Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց մոտ ևս թեստավորում անցկացնել և 7 դեպքում թեստը դրական արդյունք է ցույց տվել։
Նա նշեց, որ միայն երկուսի մոտ է թոքաբորբ, և առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ նրանք կբուժվեն։
Վարչապետը նկատեց, որ հիվանդների մեծամասնությունը չունի ջերմություն և որևէ այլ ախտանիշ։ Ռազմավարական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարևորեց անհատական բարձր պատասխանատվությունն ու գիտակցությունը՝ կոչ անելով մարդկանց ինքնամեկուսանալ։
«Կորոնավիրուսն այնքան սարսափելի չէ, որքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք և խրոնիկ հիվանդություն չունեցող անձանց»,- նկատեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







