Այս պահին ԱԺ-ն հատուկ նիստում որոշում է արտակարգ դրություն մտցնելու հարցը:
Ութսուն, հարյուր, հարյուրհիսուն հազար դրամով աշխատող մարդիկ, մասնավորապես պետական կառույցներում աշխատողները, որոնք վարկեր են վերցրել, որ պետք է փակեն, նաև այդ աշխատավարձով սնվում են և այլն. այս մեկ ամսվա հարկադիր պարապուրդի դեպքում աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ երկրորդ հարցը՝ արդյոք մենք չունե՞նք օգնության կարիք՝ շնչառական ապարատներ ներմուծելու: Այս հարցերն ուղղեց ՀՀ վարչապետին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Բյուջետային համակարգի բոլոր աշխատողները աշխատավարձերը կստանան լիարժեք` անկախ նրանից, թե ինչքան են գնացել աշխատանքի»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն, անդրադառնալով երկրորդ հարցին, նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ երկրում կա երեք հարյուր վաթսուն հատ շնչառական ապարատ,ևս տասնմեկ հատ ձեռք են բերում, իսկ տասնհինգ հատ ապարատ այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում պատրաստած կան:
Նշենք, որ Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







