ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակը: Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը:
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







