Էջմիածնում շարունակվում են մասնակի սահմանափակումներ կիրառվել։ Քաղաքում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։
«Ջերմություն ունենալու փաստը դեռ ոչինչ չի նշանակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ջերմություն ունենալը չպետք է խուճապի մատնի, քանի որ իր դեպքում էլ կրկնակի թեստը, անգամ ջերմություն ունենալու պարագայում, բացասական արդյունք է ցույց տվել։
Վարչապետն անդրադարձավ նաև մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված առաջին անձի կողմից իրականցված քայլերին՝ նշելով, որ որոշել է խրախուսական պատվոգրով պարգևատրել ՀՀ-ում առաջին ախտորոշված պացիենտին, ով իր բարձր ինքնագիտակցությամբ օգնեց, որ վարակը չտարածվի։
Վարչապետն առանձնակի կարևորեց բուժաշխատողների դերն ու իր շնորհակալությունը հայտնեց նրանց՝ վիրուսի կանխարգելման աշխատանքների համատեքստում։
Վարչապետը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակում դեռևս ուրբաթ օրվանից սկսել են քննարկումները տնտեսական վնասներից խուսափելու և առկա դինամիկան պահելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







