Հայաստանում կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են մի շարք միջոցառումներ, իրադարձություններ, մրցույթներ, մի շարք հաստատություններ փոխել են աշխատանքային ռեժիմը:
«Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Առաքելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ կրթական հաստատություններում դասերը հետաձգելու որոշմամբ «Կենգուրու» մրցույթը հետաձգվում է, իսկ ժամկետի մասին կհայտարարեն լրացուցիչ՝ պայմանավորված զարգացումներով:
Գերմաներենի ուսուցման «Գյոթե» կենտրոնը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, նույնպես փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Մշակութային բաժինը կշարունակի իր աշխատանքը օնլայն ռեժիմով։
‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը ևս անորոշ ժամանակով աշխատելու է տնից։ Հիմնադրամից հորդորել են քաղաքացիներին դեղերի կամ հետազոտությունների հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատել հիմնադրամի աշխատակիցների հետ հետևյալ տարբերակներով՝ 055 832 263, [email protected], Viber +374 55 832 263:
Հետաձգվել են նաև մշակութային միջոցառումներ: Մարտի 27-ին նախատեսված է անցկացնել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, բայց քննարկվում է այն հետաձգելու հարցը: «Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, նմանատիպ միջոցառումները պարտադիր այցելելու համար չեն, ուստի հրատապության առաջին տեղում չեն, բայց հարցը քննարկվում է»,-նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Զանգակ» գրատունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնայինը համարելով երեխաների առողջությունը և անվտանգությունը, հայտնել էր, որ մարտի 14-ին կայանալիք «Հայրիկս իմ կողքին» գրքի շնորհանդեսը հետաձգվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







