Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղատներում դիմակների և ախտահանիչ նյութերի առկայության և գների մասով ամեն օր դիտարկումներ են իրականացվում։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Կոռոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գևորգյանը հայտնեց, որ երեկ հանդիպում են ունեցել արկոգելի ներքին արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։
«Ալկոգելի արտադրությամբ Հայաստանում երեք խոշոր տնտեսվարող է զբաղվում։ Օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում, խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, բայց արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ գնային փոփոխություն չի կատարվել։
Խոսելով դեղատներում դիմակների վաճառքի մասին՝Գեղամ Գևորգյանն ասաց՝ քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան:
«Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է՝ 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա, ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ ներմուծվել է ՀՀ, նաև որոշակի փոքր արտադրություններ են սկսել լոկալ տնտեսվարողները»,- հայտնեց ՏՄՊՊՀ նախագահը։
Հարցին՝ արդյոք դիմակների ախտահանիչ միջոցների դեֆիցիտ սպառնո՞ւմ է Հայաստանին, Գևորգյանը պատասխանեց, որ այս պահին ախտահանիչների դեֆիցիտ չկա:
«Արտադրողները չէին պատկերացնում, որ այսպիսի մեծ պահանջարկ կառաջանա, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել են կազմակերպել արտադրությունը։ Ալոգելի արտադրության գլխավոր հումքը ևս արտադրվում է Հայաստանում։ Այսօրվա դրությամբ, այսօրվա պահանջարկը հաշվարկելով, կարծես թե լուրջ խնդիր չկա, հետագայում ինչ կլինի, դժվար է գնահատել»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Խոսելով դիմակների մեկ-երկու հատով վաճառելու մասին՝ Գևորգյանն ասաց, որ տնտեսվարողներն այդ խնդրով իրենց հետ խոսել են, որովհետև կոնկրետ ծավալ պետք է կարողանան հասցնել արտադրել, եթե անսահմանափակ քանակով վաճառեն, հնարավոր է, որ օրական պահանջվող ծավալը չկարողանան հասցնել արտադրել, իսկ եթե քաղաքացին էլ գնի ու պահեստավորի, այդ դեպքում նորից հասցնելու խնդիր է լինում:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







