Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Թիմի ամբողջ հիմնական կազմը և ակումբի անձնակազմը, որոնք կապեր են ունեցել Արտետայի հետ, գտնվում են երկշաբաթյա ինքնամեկուսացման մեջ:
Լոնդոնի «Արսենալի» մարզումային կենտրոնը փակ է, ակումբի առաջիկա հանդիպումներն Անգլիայի առաջնությունում հետաձգվել են:
«Ես շատ հիասթափված եմ», — ասել է 37-ամյա իսպանացի Արտետան: — Ես թեստ հանձնեցի, երբ ինձ վատ էի զգում, կվերադառնամ աշխատանքին, հենց որ ինձ թույլ տան»։
Շաբաթ օրը «Արսենալը» պետք է հանդիպեր «Բրայթոնի» հետ, սակայն Պրեմյեր լիգայի այս հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Կորոնավիրուսը կանգնեցրել է մեծ սպորտը։ Օլիմպիադան և Եվրո-2020-ը կարող են տեղափոխել մեկ տարով, ՈՒԵՖԱ-ն կքննարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության տեղափոխության հարցը,
BBC Sport-ը հաղորդում է, որ Պրեմյեր լիգայի բոլոր 20 ակումբները ցանկանում են միասնական ռազմավարություն ընդունել, և հնարավոր տարբերակներից մեկը, որը կքննարկվի ուրբաթ օրը, այս հանգստյան օրերին նախատեսված մյուս հանդիպումները հետաձգելն է:
«Մեր թիմի և լայն հանրության առողջությունը մեր առաջնահերթությունն է, և հենց դրա վրա ենք կենտրոնացած», — ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը:
«Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում բոլոր շահագրգիռ անձանց հետ, որպեսզի պատշաճ կերպով հաղթահարենք այս իրավիճակը և հուսով ենք վերադառնալ մարզումներին և խաղերին, երբ բժիշկները թույլ տան»:
Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպումը հետաձգվել է որպես նախազգուշական միջոց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Արսենալի» ֆուտբոլիստների և ղեկավարության հետ շփվել է հունական «Օլիմպիակոս» ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը, որը վարակվել է կորոնավիրուսով:
52-ամյա Մարինակիսը հանդիպել է «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների հետ, երբ վերջիններս երկու շաբաթ առաջ ընդունել էին հունական ակումբին Եվրոպայի լիգայի խաղում:
«Արսենալն» այն ժամանակ հայտարարել էր, որ ոչ մի խաղացող կամ անձնակազմի ներկայացուցիչ չի ստուգվի կորոնավիրուսի կասկածանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







