«ՀՀ-ում չի կարող լինել որևէ պետական մարմին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Ժողովուրդը ցանկացած իշխանության աղբյուրն է, և մենք դրա վկայությունն ենք»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իշխանություն են լինելու այնքան ժանանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դա ուզում է։
«Մեր պաշտոնավարման լիազորությունը բխում է ժողովրդից։ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ պետական մարմին, որի լիազորությունը չի բխում ժողովրդից։
Ըստ վարչապետի՝ այսօր պետք է լուծվի ինստիտուցիոնալ այս խնդիրը, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանության լիզորությունները բխում են ժողովրդից, իսկ Սահմանադրական դատարանի իշխանությունը բխում է Սերժ Սարգսյանից և Հանրապետականից, նրանց կոռումպացված խմբակից, որն այսօր նույնիսկ բռնազավթված իշխանություն չունի Հայաստանում և չի էլ կարող ունենալ։
Բացի ներկայացված փաստարկներից, վարչապետը ևս մեկ նրբություն ներկայացրեց, ըստ որի մեզ պետք է Սահմանադրական դատարան, որի իշխանությունը կբխի ժողովրդից։
«Դա է երաշխիքը, որ մենք կունենանք անաչառ Սահմանադրական դատարան։ Այս հանրաքվեով ՍԴ պետք է կապենք ժողովրդի կամքի հետ»,- նկատեց նա։
Վարչապետը կոչ արեց ժողովրդին ապրիլի 5-ին գնալ հանրաքվեի և արձանագրել, որ որևէ կապ չունի այդ հին ՍԴ-ի հետ։
«ՍԴ ձևավորման առաջին օրից ոտնահարել է ՀՀ ժողովրդի ամենաբարձրագույն իրավունքը՝ սեփական երկրում իշխանություն լինելու իրավունքը։ Առաջինն այդ հին, հակաժողովրդական ու հակասահմանադրական դատարանը պետք է հեռանա։ Երկրորդը կառավարությունը, ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներ, որից հետո դատավորների թեկնածությունները պետք է բարեվարքության ստուգումներ անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Այնուհետ թեկնածությունը պետք է գնա այն ԱԺ, որին դուք եք ընտրել։ Այն պահին, երբ ԱԺ ընտրի ՍԴ դատավորին, այդ պահից դատավորը կստանա իր իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված ԱԺ միջոցով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր դատավորները կանցնեն բարեվարքության ստուգումներ և միայն նրանք կշարունակեն իրենց գործունեությունը, որոնք կանցնեն այդ ամենի միջով։
«Այս հանրաքվեն ժողովրդի իշխանության մասին է։ Այսօրվա Սահմանադրական դատարանը օկուպացված է Հրայր Թովմասյանի և Սերժ Սարգսյանի կողմից։ ՀՀ գործադիր, օրենսդիր իշխանությունը, Սահմանադրական դատարանն, ապա դատական համակարգը պետք է ազատագրենք ու վերադարձնենք ժողովրդին։ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը չի ներկայացնում ժողովրդին և որի իշխանությունը չի բխում ժողովրդից»,- եզրափակեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






