Ուզում ենք ունենալ ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և դատական համակարգ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ըստ նրա՝ ՀՀ տնտեսական և այլ զարգացման համար ամենակարևոր խնդիրներից մեկը՝ դատական համակարգի նկատմամբ վստահության պակասն է։
«Եթե դատական համակարգը վստահություն չի ներշնչում, մենք որևէ տարբերակ չունենք առաջ գնալու»,- նկատեց պատգամավորը՝ նշելով, որ եղել են ընտրություններ, ձևավորվել է ԱԺ, կառավարություն, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը, հերթը դատական համակարգինն է։
«Իշխանության երրորդ ճյուղը՝ դատական համակարգն, ունի ժողովրդի վստահության խորը դեֆիցիտ։ Սա նման է երեք ակնանի հեծանիվի, որի երկու ակը նորմալ է, իսկ երրորդը մաշված է կամ ծակ։ Մենք ուզում ենք երրորդ ակը ձեր օգնությամբ փոխենք»,- նշեց Թունյանը։
Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին, բայց դրա համար իշխանության բոլոր թևերում պետք է ունենալ անվերապահ աջակցություն ու վստահություն վայելող ինստիտուտներ։
Պատգամավորն ընդգծեց, որ տեսակետը, թե ափսոս է այն 2-3 միլիարդ դրամը, որը ծախսվում է հանրաքվեի վրա, անհիմն է, քանի որ, եթե ՀՀ դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, դրա վնասը 2-3 միլիարդ չի, դրա վնասն անհնար է հաշվել։ Երկրորդը՝ 3 միլիարդը չի փոշիանում, դա բաշխվում է պրոցեսի մեջ ներգրավված քաղաքացիների միջև և հանրաքվեն վատ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա։
«Ամսի 5-ին մեր հեծանիվի երրորդ ակը փոխենք, սահուն շարժվենք առաջ»,- եզրափակեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






