Կորոնավիրուսի թեստերի նոր խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ ներկրվել է 2000 թեստ։
Անդրադառնալով Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին՝ Թորոսյանը հայտնեց, որ ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա։
«Դիմակների մասով նշեմ, որ բժշկական հիմնարկներին տրամադրելու մոտավորապես 200 հազարի չափով դիմակներ ունենք: Գիտենք, որ մոտավորապես 300 հազար ներկրում է եղել Հայաստան, սակայն ձեռքբերման գինը դրսում ի սկզբանե շատ բարձր է եղել, և այդ բարձր գնով սպառելն առաջացնում է տպավորություն, թե սպեկուլյացիա կա: Հիմա ՏՄՊՊՀ-ը, հանրային իրազեկում անելով և ներմուծողի հետ քննարկելով, փորձում է այդ հարցը լուծել»,- ասաց նա՝ նշելով, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:
«Դա պետք է կրի հիվանդ մարդը՝ մյուսներին պաշտպանելու համար, կամ այն մարդը, որը շփվում է հիվանդի հետ՝ ի դեպ, բոլոր շնչառական հիվանդությունների դեպքում»,- ասաց Թորոսյանը։
Խոսելով կորոնավիրուսի պատվաստանյութի մասին՝ նախարարը նշեց, որ ընդհանրապես բժշկագիտական հանրույթի արձագանքն այս նոր վիրուսին շատ ակտիվ է և շատ արդյունավետ: Սակայն պատվաստանյութերը կարիք ունեն թեստավորումները կենդանիների, հետո մարդկանց վրա, այսինքն՝ մի քանի փուլ պետք է անցնեն, և դա միջինում մեկ տարուց պակաս չի կարող տևել:
«Եթե համաճարակը շարունակվեց, և տեմպերն ավելացան, ապա դա լինելու է միակ լուծումը»,- եզրափակեց Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







