Ջերմուկում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ներկայացրել իրենց արձանագրումներն ու կատարած աշխատանքը։
«Հարց ենք ձևակերպել՝ արդյո՞ք Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ադեցության գնահատականը գնահատվել է իր ճշմարտացիության աստիճանի հանգամանքով։ Նկատի ունեմ Լիդիանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, մեր հարցը հետևյալն է՝ Բնապահպանության նախարարության նախկին ներկայացուցիչները, որ այդ արձանագրումներն արել են, արդյո՞ք ստուգել են դրանց ճշմարտացիությունը։ Եթե հանկարծ պարզվի, որ չեն ստուգել՝ իրենց պարտականության մեջ մտնում էր դրանք ստուգելը։ Սա քննության մեկ ուղղությունն էր, երկրորդ ուղղությունն այն է՝ արդյո՞ք նախկինում այստեղ արված հետազոտության արդյունքներն հաշվի են առնվել հանքի հետ կապված պրոցեսներում․ այս հարցի պատասխանը ևս պետք է ստանանք։ Երրորդ ուղղությունը՝ քննչական կոմիտեն կազմել է Էլարդի և Լիդիանի բանավեճի արդյունքում 154 հարցանոց հարցաշար, որը կուղարկվի առաջիկայում շահագրգիռ ՀԿ-ներին և ԳԱԱ-ին, որ այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ տեղի կունենա երկու կողմերի միջև ամփոփիչ հարցաքննություն»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի, Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր։
«Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք Ջերմուկի ջուրը աղտոտենք։ Խոսքը նրա մասին է, թե հնարավոր է արդյոք այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը չաղտոտվեն։ Եթե հնարավոր է, այս ճշմարտության հետևից մենք պետք է գնանք։ Եթե հնարավոր չէ, ուրեմն հնարավոր չէ, ուրեմն այստեղ թեմա չկա, նույնիսկ քննարկման բան չկա ու բացառված է, որ այդ հանքը շահագործվի», — հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի կարծում է, որ իր այդ դիրքորոշումը բավարար չափով ազնիվ դիրքորոշում է։
«Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը Ջերմուկի բնակիչների համար հասկանալի և ընդունելի է։ Եթե Ջերմուկի օդը չի լինելու, ուրեմն հանքը չի լինելու», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






