«ՌուսՀիդրո»-ն ավարտել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էներգաընկերությանը:
«Ավարտվել է ռազմավարական գործարքը՝ «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ին պատկանող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը «Տաշիր» խմբի մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությանը», — ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերին կնքված պայմանագրի պայմանների համաձայն, գնորդը վերաֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի վարկային պարտավորությունները, որի համար գործում էր «ՌուսՀիդրո»-ի երաշխավորությունը: Դրանից հետո «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի բաժնետոմսերի 90%-ը փոխանցվել է գնորդի սեփականություն:
«Գործարքի արդյունքում «ՌուսՀիդրո» խմբի ֆինանսական պարտքի մակարդակը նվազել է 4 միլիարդ ռուբլիով, իսկ խմբի վարկային պորտֆելի վրա արտարժույթի ռիսկերն ամբողջությամբ բացառվել են: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի վաճառքով «ՌուսՀիդրո»-ին դադարել են պատկանել ակտիվներ՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս», — ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայնագրի պայմաններով՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի 527 հազար բաժնետոմսերի արժեքը կազմել է 172,96 միլիոն ռուբլի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







