ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է վերցրել՝ որպեսզի մասնակցի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: ՀՀ վարչապետը ուղղաթիռով ժամանել է Ագարակ: Իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը սկսում են Հայաստանի հարավային կետերից մեկից՝ Ագարակից:
«Վայրէջք ենք կատարում Ագարակ, Հայաստանի ամենահարավային կետերից մեկից սկսում ենք քարոզարշավը: Այն լինելու է շատ ակտիվ, շատ հետաքրքրիր, կարևոր ասելիքներ կան: Շատ կարևոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ բազմաթիվ հարցերի պատասխանները կտամ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ագարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, իր ելույթի սկզբում վարչապետը նշեց․
«Ամեն անհատ ունի իրավունք, բայց մեր ուժը մեր միասնության մեջ է՝ քաղաքացիների համախումբը, որը մեր Սահմանադրությամբ կոչվում է ժողովուրդ։ Մենք ասում ենք հետևյալը՝ Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին։ Այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, և պետք է հեռանա, որովհետև քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում»,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ժողովրդին գնալ ընտրատեղամասեր և «այո» ասել Սահմանադրական փոփոխություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






