Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից։ Այս մասին հայտնում է Արմենպրեսսը՝ հղում անելով ռուսական և թուրքական լրատվամիջոցներին։ Համաձայն աղբյուրի՝ լրատվամիջոցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ՀՀ 32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանել են «5 աստղանի կարանտին»։
RT և NTV լրատվամիջոցները գրել են, որ մինչ աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց նույնիսկ բռնության են ենթարկում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կասկածվող 32 քաղաքացու մեկուսացրել է 5-աստղանի հյուրանոցում:
Ըստ լրատվամիջոցների՝ հյուրանոցը, որտեղ տեղակայվել են կորոնավիրուսի կասկածով 32 անձինք, գտնվում է Երևանից 50կմ հեռու, ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա, ունի օլիմպիական լողավազան և, նույնիսկ` խաղատուն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական NTV-ն գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ հանդերձանք կրող մարդիկ սնունդ բաժանում հյուրանոցի լյուքս համարներում մեկուսացված անձանց:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







