ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ի արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Համաձայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականի՝ մարտի 2-ից 8-ը փակ կլինեն նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը:
Կառավարությունն ուսումնասիրում է իրավիճակը և ամենժամյա ռեժիմով հետևում զարգացումներին:
«Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա: Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







