«Ծառուկյանը դրա կարիքը չունի: Բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպնում»։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝արդյո՞ք դեղատներում դիմակ է փնտրել ու չի գտել։
Անդրադառնալով վարակի դեմ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներին՝ Ծառուկյանը նկատեց, որ դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների սեփականատերերին ու դեղատներին, որ իրենց անհրաժեշտ դեղորայքով ու դիմակներով ապահովեն։
«Հիմա գրիպը հասել է մեր դուռը, նայում ես՝ դիմակներ չկան, դեղորայք չկա»,- ասաց նա։
ԲՀԿ առաջնորդի համոզմամբ` իշխանությունը ժամանակին ականջալուր չեղավ այդ խորհրդին, հիմա էլ փորձում է արդարանալ։
ԲՀԿ առաջնորդը ճիշտ չի համարում կորոնավիրուսի պոտենցիալ կրող համարվող մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելը՝ նշելով, որ այդ որոշումից հետո Ծաղկաձորում իրենց հանգիստն անցկացնել ցանկացող զբոսաշրջիկները չեղարկել են ամրագրումները:
«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջ տուրիստական գործակալություններին հարցրեք, մարդիկ տոմսերը հետ են վերցրել, հյուրանոցները լրիվ դատարկ են», — ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







