Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում մտահոգված չեն համացանցում միավորների վաճառքով և արդեն գիտեն, թե ինչպես պայքարել դրա դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
Նրա խոսքով, Ճանապարհային ոստիկանությունում տեղյակ են ինտերնետի միջոցով տուգանային միավորների վաճառքի միտումների մասին,և համապատասխան կառույցներն արդեն զբաղվում են այդ հարցով: Կարապետյանն ընդգծել է, որ ոստիկանությունը հնարավորություն ունի ստուգելու, թե իրականում ով է եղել մեքենայի ղեկին, քանի որ քաղաքում բազմաթիվ տեսախցիկներ են տեղադրված: Ավելին, Ճանապարհային ոստիկանությունը ուսումնասիրել է Ֆրանսիայի փորձը, որը նույնպես բախվել է միավորների վաճառքի խնդրին: «Ֆրանսիայի փորձը ուսումնասիրվել և հաշվի է առնվել դեռևս մեր օրինագծի մշակման փուլում, ուստի օրենքն արդեն իսկ պարունակում է մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ խնդիրը», — հավաստիացրել է Կարապետյանը՝ նշելով, որ այդ մարդկանց շատ հեշտ է բացահայտել:
Խոսելով բալային համակարգի մասին՝ Կարապետյանը նշել է, որ այդ համակարգի արդյունավետության մասին խոսելն այսօր վաղ է։ Այդուհանդերձ, նա ներկայացրել է վիճակագրության տվյալները, որոնց համաձայն տարվա սկզբից, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ընդհանուր առմամբ ավելացել է 34-ով: Դրա հետ մեկտեղ, Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 37 դեպքով: Կարապետյանը նշել է, որ առանձին է ներկայացրել Երևանի տվյալները, քանի որ մայրաքաղաքում տեխնիկական հագեցվածությունն ավելի լավ է, քան մարզերում:
Իր հերթին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է, որ տուգանային միավորն ավելի խիստ պատասխանատվության միջոց է, քան տուգանքը։
Բալային համակարգը ներդնելով, ըստ Զոհրաբյանի, կառավարությունը հիմնավորման մեջ նշել է, որ ուսումնասիրվել է 21 եվրոպական երկրների փորձ, բայց եվրոպական փորձը կրկնօրինակելը բավարար չէ, քանի որ ինժեներական կառույցների, ճանապարհների որակի, պետական համակարգերի նկատմամբ վստահության, ոստիկանի վարձատրության ու պրոֆեսիոնալիզմի հետ տեսանկյունից մենք չենք կարող համեմատվել նրանց հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







