Կառավարությունը հաստատեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը:
Համաձայն որոշման՝ արգելվում է վառելափայտի, անտառանյութի, փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների, անտառանյութի և վառելափայտի արտահանումը երրորդ երկրներ, այս արգելքը վերաբերում է, մասնավորապես, վառելափայտին, գերաններին։
Այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:
Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







