Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում են։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ցուցադրվող հայկական ժանյակի բացառիկ նմուշները տեղ են գտել Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Լեյս» («Lace») հանրահռչակ ամսագրում: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
2019 թ. կենտրոն էր այցելել Մեծ Բրիտանիայում գործող Ժանեկագործության գիլդիայի հովանու ներքո հրատարակվող ամսագրի պատասխանատու, արվեստաբան Անջելա Թոմսոնը, որը նշյալ ամսագրում հրատարակված իր հոդվածում անդրադարձել է ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ժանյակների ցուցադրությանը` արժևորելով դրանց եզակիությունը, ինքնատիպությունն ու կատարման տեխնիկան, միևնույն ժամանակ զուգահեռներ անցկացնելով հայկական խաչքարագործության զարդանախշային հորինվածքների հետ:
Օտարալեզու ամսագրում հայկական բազմատեսակ ժանյակների լուսանկարներով ձևավորված նշյալ հոդվածի տպագրությունը նպաստում է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանը և միջազգային հանրահռչակմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







