1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ ևս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ:
Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին: Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ:
2․«Փաստ» թերթը գրում է, որ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ իրավապահ համակարգում աշխատող հայազգի (և ոչ միայն) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։
«Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը փոխանցել է, որ ռուսական շրջանակներում նոր «չիստկա» է սկսվում, և առաջիկայում հնարավոր է այդ շղթան ընդարձակվի։
Թերթի տեղեկություններով, արդեն կայացած ու չբացառվող ազատումների այս շղթայով լրջորեն մտահոգված են նաև ՀՀ նախորդ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք գտնվում են ՌԴ-ում և որոնց հետ կապված Հայաստանում գործեր կան հարուցված։
Բանն այն է, որ մտավախություն ունեն, թե իրենց՝ Հայաստանի իրավապահներին հանձնելու թեման նորից կարող է «թարմանալ» այս ֆոնին: Խնդիրն այս պարագայում ոչ միայն ռուսաստանյան կոնկրետ պաշտոնյաների, այլև նրանց հետ փոխկապակցված որոշ անձանց դիրքերի հավանական թուլացումն է»:
3․«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։
Իսկ երբ ունեցավ, արդեն չուներ ԿԳՄՍ նախարարի և իշխանությունների սատարումը: Ասում են` ինչ-ինչ պատմությունների մեջ հայտնված նախարար Հարությունյանի ու նրա երբեմնի տեղակալ Հովհաննիսյանի միջև «սեւ կատու» էր անցել:
Բացի այդ, իշխանությունները հասկացել են, որ եթե փորձեն Հովհաննիսյանին դարձնել ԵՊՀ ռեկտոր, ապա առաջին հերթին իրենք կընկնեն լուրջ հարվածի տակ. Հովհաննիսյանը կդառնա հզոր «հարթակ», առանց այն էլ` Սորոսի դեմ «Ավարայրի» ելած հասարակայնության համար, արդյունքում կիջնի իշխանությունների առանց այն էլ ասֆալտին հավասարված իմիջը:
Այդ իսկ պատճառով իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից, որովհետև էլ ավելի «հրատապ»` ՍԴ-ի, հանրաքվեի, Արցախի խնդիրները թակում են նրանց դուռը»:
4․«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աուդիտի բաժնի ԺՊ Սամվել Եղիազարյանը, որը մի քանի ամիս աշխատեց, ապա խախտումներ հայտնաբերվեց ու ազատվեց աշխատանքից՝ անգամ չմասնակցելով պաշտոնի համար հայտարարված մրցույթին, նոր պաշտոնի որոնումների մեջ է․ նրա ճակատագրով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բոլոր կառույցներում իր մարդկանց է «բրթում», որ լավագույնս տեղեկացված լինի բոլոր շարժերից: «Գորշ կարդինալը» ցանկանում է աուդիտի բաժնի նախկին ԺՊ-ին տեսնել կա՛մ ՊՎԾ-ում, կա՛մ Հաշվեքննիչ պալատում:
5․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը՝ փետրվարի 22-ին, Արցախ կմեկնի նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի մոտ բանակում վերջին օրերի մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ՝ իրավիճակը քննարկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ներկաներին հորդորել է մեկնել Արցախ և հենց տեղում հանգամանքներին ծանոթանալ ու քննություն իրականացնել: Եվ այդ խորհրդակցությունից հետո Արցախ մեկնեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հայտնի դարձել՝ առաջիկայում ՊԲ-ում սպասվող պաշտոնանկությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հարցն արդեն որոշված է, և, թերթի տեղեկություններով, պաշտոնական հրամանի բացակայությունը միայն տեխնիկական հարց է, և նախատեսված է այն հրապարակել Արցախում առաջիկա օրերին կայանալիք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստից հետո ազատումները չեն սահմանափակվելու միայն ՊԲ հրամանատարով, և առաջիկայում հրաժարականներ կտան նաև զորամասի հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, ինչպես նաև ուսումնական գծով այն պաշտոնյաները, որոնց գիտելիքները համապատասխան չեն:
Նման քննարկում և որոշում է կայացվել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի և ՊԲ հրամանատարության հետ հանդիպումից հետո: Այսինքն՝ առաջիկայում ազատումների ալիքը կհասնի նաև ՊԲ:
Եվ հիմա Արցախում և Հայաստանում ներքին քննարկումներ են, թե է՛լ ովքեր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «թիրախում» է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Նշվում է, որ Ռազմական ոստիկանության պետի պարտականություններն այսօր ստանձնելու է ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը»:
6․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և որոշել է այլևս որևէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարել է, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է՝ դուրս է եկել, որևէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի չի ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքն էլ չի ներում, առողջականն էլ չի ներում, տրամադրություննէլ այդպիսին չի:
Միևնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը, կոչ է արել մոռանալ իրեն, քանի որ ամեն ինչից հոգնել է: «Չեմ ուզում՝ որևէ բան իմ մասին գրվի. դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են, սուտը, շանտաժը, զրպարտանքը շատ-շատ է, ինչ-որ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Չգիտեմ, հոգնել եմ այդ ամենից, այս չարախոսությունից, ուղղակի հոգնել եմ»,- հավելեց նա:
7․«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ ևս կանցկացվի Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ:
Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։
Բացի այդ հարցերից, կքննարկվի նաև ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարևորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:
8․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է աճ արձանագրել: Անցյալ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 մլն 859 հազար դոլար:
Նշվում է, որ 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 335 հազար դոլարով, իսկ Հայաստանից դեկտեմբերին դուրս է եկել 150 մլն 364 հազար դոլար գումար:
Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, դեկտեմբեր ամսին կազմել է 45 մլն 756 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, և ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի ավելացել. եթե անցած տարվա նոյեմբերին այն կազմել է 10 մլն 832 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 18 մլն 718 հազար դոլար։
9․«Իրավունք» թերթի աղբյուրը հայտնում է, նոր Հայաստանում փաշինյանամերձ համայնքներում իրավիճակը լարված է:
Թերթի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար լուրջ հրամաններ է ստացել նախկին օլիգարխ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Սակայն թե կոնկրետ ում կողմից թերթի աղբյուրը հստակ ասել չի կարող:
Ինչպես թերթի աղբյուրն է հայտնում, Ալեքսանյանն այս անգամ փոխել է իր «տակտիկան», նա իր աշխատողներից շատերին ինչ-ինչ գործեր է խոստանում, միայն թե Հայաստանում փոխվի Սահմանադրությունը:
Այստեղից կարելի է ենթադրել, որ արդեն կեղծարարության քայլերի սկիզբն ազդարարվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







