Փետրվարի 20-21-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:
Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Ի պատասխան, ադրբեջանցի պատվիրակի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կերաշխավորվի Արցախի հայերի իրավունքները, պատգամավորը նշել է․
«Ամեն անգամ, երբ խոսում եք մարդու իրավունքներից, հիշեք, որ դուք հերոսացրել եք մարդասպան Սաֆարովին»։
Կոնջորյանը նշել է, որ այդ բարբարոսական գործողությունը հետագայում աննախադեպ հաջողության պատճառ դարձավ նրա կարիերայում։ Նրան ներեց նախագահ Ալիևը և մարդասպանին Ադրբեջանում վերաբերվում են որպես հերոսի, ներկայացնում են որպես օրինակ հետագա սերունդների համար։
«Արմենոֆոբիան և ատելության քարոզը հայերի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որովհետև նույն տարում՝ 2012 թվականին, երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու, Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Աշխարհի հայերը մեր հիմնական թշնամին են»։ Հարց եմ ուզում՝ ո՞վ պիտի ապահովի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը և պաշտպանի նրանց իրավունքները»,- ասաց Կոնջորյանը։
Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի մաս, որովհետև դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի ժողովրդի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







