Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը փետրվարի 15-ին մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգևորականների հավաք-հանդիպմանը։ Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ։
Մեկշաբաթյա ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր ուսումնական-կրթական կենտրոններ, Առաքելական պալատ, ինչպես նաև պաշտոնական հանդիպում կունենա Հռոմի քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։
Հավաքի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն են կազմակերպելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և կաթոլիկ ու հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







