«Էրեբունի պլազա» հյուրանոցում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը: Նա նշել է, որ Արթուր Թորոսյանը մեղադրյալի կարգավիճակում է:
Հիշեցենք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում կա զինված անձ։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն: Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







