Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, թե որ դեպքերում և որքան տուգանք կկիրառվի «հակածխախոտային» օրենքի խախտման համար։
ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների
☑️ գովազդի,
☑️ դրա իրացման մեջ մինչև 18 տարեկան անձանց ներգրավելու,
☑️վաճառասրահներում դրանք ցուցադրելու,
☑️հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելու արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները։
ԱԱՏՄ-ի կողմից կիրառվելիք տուգանքները ներկայացնում ենք ստորև․
❌ Եթե գովազդվում է ծխախոտը։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
❌ Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ ապրանքների գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
❌ Եթե ծխախոտը հիշատակվում կամ ներառվում է այլ ապրանքիծառայության գովազդում։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
❌ Եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։ Տուգանք նախատեսված է նաեւ ծխախոտի դատարկ տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ Օրենքի այս դրույթն ուժի մեջ է մտնում 2021-ի հունվարի 1-ից։
❌Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում՝ ֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումներ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։
❌ Եթե հեռարձակողը ծխախոտի օգտագործման վնասակարության մասին օրենքով սահմանված կարգով և եղանակով չի հաղորդում դրանք պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս։
Տուգանքը՝ 150-200 հազար դրամ:
❌Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ (Հոդված 173.1.):
Նշենք, որ 2020թ․ փետրվարի 13-ին Ազգային ժողովում արդեն 2-րդ ընթերցումով ընդունված այս օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնում։ Հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







