Գործադիրը հավանություն տվեց անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու առաջարկությանը։
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Կառավարության նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը:
Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով։
Առաջարկվող փոփոխությամբ՝ վերը նշված արարքների համար կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







