Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության շտաբը ձևավորված է, այժմ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ և քարոզչությունն ամենայն հավանականությամբ կսկսվի փետրվարի վերջին։ «Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյանը նշել է, որ իրենց տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ՝ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն:
«Ամեն դեպքում առաջիկայում դրա մասին կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- եզրափակել է Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ արդեն գրանցվել է «Այո» քարոզչական կողմը, որի շտաբը կգլխավորի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ ԿԸՀ-ն այսօր գրանցել է նաև «Ոչ» քարոզչության կողմը, որի լիազոր ներկայացուցիչն է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







