Փետրվարին 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել. «Երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ»։ Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում և անդրադարձել դրա նպատակներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: «Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,-նշել է Վարչապետը և անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին: Վարչապետը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին:
ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







