Չինական Չժեցզյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են արտադրել կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Baijiahao ինտերնետ-հարթակին։
Խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է, որի չինական անվանումը է՝ 法维拉։ Արտադրող ընկերությունը ստացել է վերահսկող մարմինների պաշտոնական հաստատումը։ Ընդգծվում է, որ այն կարող է դառնալ առաջին դեղամիջոցը, որը կարող է օգնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում:
Փետրվարի սկզբին ԱՀԿ-ի արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել էր, որ ներկայումս աշխարհում գոյություն չունի մահացու կորոնավիրուսի դեմ գործող դեղամիջոց: Մասնագետի խոսքով՝ նոր վիրուսի դեմ պայքարի ժամանակ ՄԻԱՎ-ից կամ կորոնավիրուսի նախորդ տեսակներից դեղերի օգտագործման արդյունավետությունը չի ապացուցվել։
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում գերազանցել է 69,2 հազարը, մահացել է 1670 մարդ: Կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել է չինական Ուհանում 2019 թվականի դեկտեմբերի վերջին: ՉԺՀ-ից բացի, հիվանդության դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 20 երկրներում: ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումն արդեն ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Մասնագետները չեն բացառում, որ վիրուսի բռնկումը կվերածվի համաճարակի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







