Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզի Օզբոռնը ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբ, ըստ որի նա արգելում է օգտագործել իր երգերը քաղաքական արշավի ընթացքում:
Այս մասին հունիսի 28-ին երաժիշտի հայտարարությունը Instagram-ում հրապարակել է նրա կինը՝ բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Շերոն Օզբոռնը:
«Ուշադրության առնելով Օզի Օզբոռնի Crazy Train երգի չարտոնված օգտագործումը՝ մենք ծանուցում ենք ուղարկել Թրամփի շտաբ, ըստ որի նրան արգելված Է Օզբոռնի երաժշտությունն օգտագործել քաղաքական գովազդում և ընտրարշավում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Օզբոռնները նաև խորհուրդ են տվել Միացյալ Նահանգների նախագահին՝ «դիմել իր երաժիշտ-ընկերներին»: «Գուցե (ամերիկացի երաժիշտներ) Քանյե Ուեսթը, Քիդ Ռոքը կամ Թեդ Նյուջենթը թույլ կտան իրենց երգերն օգտագործել»,-հավելել են նրանք:
Հունիսի 26-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Twitter-ում հրապարակել էր մի տեսագրություն, որտեղ MSNBC հեռուստաալիքով դեմոկրատների նախընտրական արշավի մասնակիցների հեռուստաբանավեճերի հեռարձակումը ընդմիջվում է Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կադրերով՝ Օզի Օզբոռնի Crazy Train («Խելակորույս գնացք») կոմպոզիցիայի ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







