Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղի է ունեցել «Ավելուկի» առաջին փառատոնը
Փառատոնի ընթացքում նպատակ էր սահմանվել հյուսել ամենաերկար ավելուկը։ Փառատոնն ուղեկցվել է ճանաչված երգիչ,երգչուհիների, երգի ու պարի խմբերի կատարումներով:
Միջոցառման շրջանակներում ներկայացված են եղել նաև Գեղարքունիքի ու Հանրապետության այլ մարզերը՝ իրենց համար նախատեսված հատուկ տաղավարների միջոցով, որոնցում բացի ավելուկից և նրանից պատրաստված կերակրատեսակներից համտեսի և ցուցահանդես վաճառքի են հանվել մարզային ավանդույթներին հատուկ ուտեստներ, բլիթներ, թխվածքներ, խմիչք, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ:
Փառատոնին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլոք։
Վարչապետի տիկինը իր մասնակցությունն է ունեցել ավելուկի՝ աշխարհի ամենաերկար շարանի հյուսման գործընթացին, որը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
Հավելենք, որ «Ավելուկի փառատոնը» նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ներուժը և ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







