Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման են ենթարկել մի քանի քաղաքացիների, ովքեր , Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:
Քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետել շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջև ծառացած խնդրի վրա:
Բերման ենթարկվածների մեջ է նաև Երևանի ավագանու նախկին անդամ Երկիր ծիրանի խմբակցությունից Սոնա Աղեկյանը:
Աղեկյանը ոստիկանության ավտոմեքենայից ֆեյսբուքով ուղիղ եթեր է մտել և ներկայացրել է , թե ինչ է կատարվում։
«Աղբը մենք տանում ենք քաղաքապետարան, որ հասկանան, որ ամեն օր մենք մաքրելու ենք մի հասցե, որտեղի բնակիչներից ստանում ենք ահազանգ:Դա կանենք այնքան ժամանակ մինչև կգիտակցեն, որ Երևանը աղբավայր չէ, Երևանը մայրաքաղաք է»,-ասել է Աղեկյանը՝ նշելով, որ այսօր աղբը տեղափոխել են Արշակունյաց փողոցից:
Նրանք աղբի տոպրակները դատարկել են քաղաքապետարանի շենքի մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







