Այսօր՝ հուլիսի 12-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված հանդսավոր տոնակատարությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վամեցյանը, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները և այլք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է համալսարանի շրջանավարտների, աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական կազմին ֆակուլտետի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ և նշեց, որ համալսարանը արտահայտում է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ իր պատկերացումը:
Խոսելով բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանյան բոլոր բուհերն ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ և հույս հայտնեց, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն իր այս պրակտիկան կշարունակի և կընդլայնի, այլ նաև Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար:
Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության առաջնահերությունն է, որ որևէ քաղաքացի առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն չվերադառնա և յուրաքանչյուր բժիշկի պատրաստակամությունն իրական հնարավորություն դառնա։
Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ նրանք Հայաստանում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով և այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում:
«Նրանք այսուհետ դառնում են Հայաստանի Հանրապետության դեսպանը իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդներին կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենց համար հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ, ընդհանրապես, Հայաստանը: Հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







