Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մխիթարյան միաբանության գործունեությանը, այսօրվա դժվարություններին և Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագային վերաբերող հարցեր։
Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։
Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է վարժարանի և մշակութային կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին:
«Այսօր ինձ բախտ է վիճակվել գտնվել մեր ժողովրդի արժեքներից մեկի սրտում», -նշել է Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիա այցելող բոլոր հայերին կոչ է արել այցելել Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն, որը երկու հարյուր տարուց ավելի ծառայել և շարունակում է ծառայել հայ ժողովրդին։
«Ցանկացած հայ մարդու համար մեծ պատիվ է այստեղ գտնվել, իր սեփական պատմությանը, ակունքներին ու արժեքներին ծանոթանալը։ Այս պալատի սենյակներից մեկում Դիդրոն է մահացել։ Ֆրանսիայի կայսեր քարտեզագիտության ղեկավարի տունն է եղել։ Սա ֆրանսիական և, միաժամանակ, նաև հայկական պատմությունն է։ Առիթ է նորից շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որ այս մեծ արժեքը պահել և պահպանել է ողջ ժողովրդի համար», — նշել է Արմեն Սարգսյանը։
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը Հայաստանի նախագահի այցելությունը վարժարան պատմական է համարել և տեղեկացրել, որ Մխիթարյաններին պատկանող բոլոր հաստատություններում սկսել են վերանորոգման գործընթաց:
«Հիմնական կարգն այն է, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը բացարձակապես վաճառքի առարկա չեն», -ասել է արքեպիսկոպոսը:
«Հետևաբար, այս կալվածքը՝ 13 500 մետր քառակուսի տարածությամբ, ամբողջությամբ մնում է որպես Միաբանության կալվածք»:
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան նշել է, որ մտածում են շենքի պատմությանն արժանի հայագիտական մեծ կենտրոն ստեղծել, որի շրջանակներում կգործի գիտահետազոտական կենտրոն, հանդիսությունների բաժին և հետազոտողների համար հյուրընկալ վայր կդառնա:
Անդրադառնալով շենքի վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակին` նախագահ Սարգսյանը նշել է.
«Մխիթար աբբահայրը ոչ միայն հոգևոր առաջնորդ, փիլիսոփա, գրականագետ էր, այլև փայլուն գործարար էր։ Նրա տեսլականն էր, որ ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը, որը հսկայական հարստություն ուներ և ունի աշխարհով մեկ: Ժամանակն է, որ մենք՝ որպես հայություն, գանք, կանգնենք միաբանության կողքին, որպեսզի մշակութային, կրթական, նյութական այդ հարստությունը պահպանվի և պաշտպանվի։ Իմ այցի նպատակներից մեկը սա է՝ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք որպես հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ իմ դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ»։
Նշենք, որ Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է Սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է: Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի-Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թ.-ից և կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների: Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև: Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու և որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: Այն նաև ազգային հարստություն է և փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







