Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակներում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
2019 թ․ սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն՝ չորրորդ դասարան և այլն: Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր:
Աշոտ Արշակյանի խոսքով այս տարի հատորներով են ներկայացվելու այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է և ծավալային առումով էջերի քանակը շատ է:
Այս գործընթացը հնարավորություն կտա դասագրքերի քաշը թեթևացնել և երեխաները ստիպված չեն լինի ծանր դասագրքեր տանել դպրոց: Նախկինում այդ առումով շատ բողոքներ բազմաթիվ բողոքներ են եղել և հիմա խնդիրը փուլ առ փուլ լուծվում է։
Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական բնույթ չի կրում: Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ: Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորի դեպքում: Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել:
Անդրադառնալով դասագրքերի խնդրին՝ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում նախարարությունում դասագրքերի բովանդակային փոփոխությունների մեծ ծրագիր է իրականացվում: Վերանայվում են առարկայական ծրագրերն ու չափորոշիչները, դրանցից ելնելով կփոխվեն նաև դասագրքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







