Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը հուլիսի 25-ին մերժել է 1982 թ․ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանի՝ պայմանական ազատ արձակման վերաբերյալ 2021թ նախատեսվող դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը։
Այս տարվա մայիսի 30-ին Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը նամակ էր հղել Թուրքիայի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ խորհրդին դիմում է ներկայացվել Համբիկ Սասունյանի պայմանական ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը անցկացնել ավելի վաղ քան սահմանված է։ Խորհուրդը պահանջել էր, որ թուրքական կողմը այս հարցում հայտնի իր դիրքորոշումը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն այս տարվա հունիսի 27-ին հարցի վերաբերյալ իր առարկությունն էր հայտնել խորհրդին։
2017 թ․ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել էր Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:
Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել էին թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» ԱՍԱԼԱ գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։
Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թթ․ ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







