Քառորդ դար առաջ Ստեփանակերտը վերածվել էր թիրախի. մոտակա բարձունքներից թշնամին ռմբակոծում էր մայրաքաղաքը:Մեր քաջարի մարտիկներն ազատագրեցին ավեր ու մահ սփռող այդ բարձունքները և այժմ աստվածային ուժով, քաղաքը հսկող բարձունքներից 4-ում, կանգնեցվել են պահապան խաչեր, որոնք օրհնություն են տարածում ոչ միայն Ստեփանակերտի, այլև ամբողջ Արցախի վրա:
Ամենակարևոր բարձունքը՝ Շուշիի ազատագրումը վճռական նշանակություն ունեցավ պատերազմի ողջ ընթացքի համար: Հսկիչ խաչերից առաջինը տեղադրվել է բերդաքաղաքի մոտակա բարձունքներից մեկի վրա:
Մայրաքաղաքի մոտակա Խնածախ գյուղի բարձունքում տեղադրված խաչը նվիրվել է Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակին: Գաղափարը ծնվեց, որն էլ իր շուրջը հավաքեց նախանձախնդիր մարդկանց:
Ստեփանակերտի Կրկժան թաղամասում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին « Առաջ Արցախ » երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղադրված խաչը ոչ թե պարզապես զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձան է, այլև 1,5 մլն սրբադասված նահատակների՝ առ Աստված ուղղված բարեխոսության աղոթք:
Դե իսկ Մայիսյան մեծ եռատոնի նախաշեմին՝ քաղաքի մոտական Դաշուշեն գյուղի բլրին կանգնեցվեց 50 մետր բարձրությամբ մեծ խաչը՝ դարձյալ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման ու պաշտպանության համար զոհված ազատամարտիկների: Գրեթե ամեն տեղից երևացող խաչը ոչ միայն զարմացրեց մայիսի 7-ին արթնացած արցախցիներին, այլև հետայդու հիացնում է իր առինքնող տեսքով ու մաշտաբներով Խաչը բարձրությամբ 2-րդն է Եվրոպայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







