Համահայկական 7-րդ ամառային խաղերի որոշ մարզաձևերի մրցումները մեկնարկել են օգոստոսի 6-ի առավոտյան, իսկ բացման պաշտոնական արարողությունը կկայանա ժամը 21:00-ին Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Արցախի պատմական անցյալի հերոսական դրվագներ են ներկայացվելու՝ արցախցիների և հայոց բանակի զինվորների մասնակցությամբ: Մոտ 3,5 ժամ տևողությամբ միջոցառումը կլինի բացառիկ՝ ուղեկցված լուսային ու ձայնային էֆեկտներով:
Բացման արարողության ժամանակ խաղերի կրակը կվառեն Հրաչյա Պետիկյանը, Արմեն Բոյաջյանը և Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը:
«Միասնություն՝ սպորտով» կարգախոսը կրող համահայկական խաղերի դրոշն ուղեկցելու են Հայաստանի և հայի անունը բարձր պահած մի շարք մարզիկներ՝ օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը և Իսրայել Միլիտոսյանը, ինչպես նաև աշխարհի չեմպիոններ Արամ Սարգսյանը, Արևիկ Կարապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Մավրիկ Նասիբյանը և Նազիկ Ավդալյանը:
Հավելենք, որ մրցաշարերն անց են կացվում ինչպես անհատական, այնպես էլ թիմային 6 մարզաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, հեծանվասպորտ, բազկամարտ, սպորտային պարեր, շախմատ՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում: Իսկ օգոստոսի 8-ին մարզիկներն ու արցախյան պատվիրակությունը մեկնելու են Երևան՝ հետագա խաղերն արդեն Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու համար: Համահայկական 7-րդ խաղերի կարգախոսն է «Միասնություն՝ սպորտով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







