Ճապոնիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկիր մոլորակի կանաչապատ զանգվածը գնալով քչանում է։
Եվ խնդիրը, ըստ գիտնականների, պայմանավորված է ոչ միայն կանաչ տարածությունների նվազման արհեստածին (մարդկային) գործոններով, այլև ողջ մոլորակով մեկ բույսերի բնական աճի տեմպերի նվազմամբ։ Հետազոտողների կարծիքով այս ցավալի վիճակագրությունը կապված է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքով օդի խոնավության նվազման հետ։
Նշենք, որ արդի պատմության ընթացքում ՝ 1980-ականներից մինչև 1990-ականներն ընկած միջակայքում, երկրի մոլորակի վրա բուսական տարածության ընդարձակման մի դեպք է գրանցվել։ Այս մասին փաստում են Science Advances ամսագրում հրապարակված արբանյակային դիտարկումների շուրջ արված հետազոտության տվյալները։ Սակայն հետազոտողները հայտնում են, որ այդ դինամիկան արդեն 20 տարի է, ինչ կանգ է առել։
1999 թ.-ից ի վեր մթնոլորտում ջրի գոլորշու քանակի զգալի նվազում է սկսվել։ Նման ցուցանիշ դիտարկվել է բուսածածկ տարածքների ավելի քան 53%-ում։ Հետազոտողները հանդես են եկել նաև համապատասխան մեկնաբանություններով․ նրանք նշել են, որ նման դեպքերում տուժում է բջիջների ֆոտոսինթեզի գործընթացը։
Մթնոլորտում խոնավության ցածր մակարդակի դեպքում տերևների մակերևույթի ծակոտիները փակվում են, և նրանց կենսագործունեությունը սկսում է դանդաղել: Իսկ քանի որ ֆոտոսինթեզը արևային լույսից էներգիա ստանալու գործընթաց է, որի ընթացքում բույսերը կլանում են ածխաթթու գազն ու ջուրը, ապա կարելի է փաստել, որ գլոբալ կլիմայական փոփոխությունները շղթայական կերպով հանգեցնելու են ածխաթթու գազի ավելացման նաև մթնոլորտում ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







